Երեկվանից Երևանում է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին: Նա արդեն հանդիպել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին ու բանակցել նրա հետ «հայ-իրանական համագործակցության հարցերի լայն շրջանակով»: Շրջանակն իսկապես լայն է եղել, իսկ ի՞նչ կմնա հավարտ այցի այդ շրջանակից, կերևա ոչ թե պաշտոնական հաղորդագրություններից, այլ փաստից՝ կգա՞ Երևան ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանին, թե ոչ: Կգնա՞ Սերժ Սարգսյանը Թեհրան, թե ոչ: Այսինքն՝ պայմանավորվածությունները կհանգե՞ն համաձայնագրերի, որոնք կնքում են նախագահները, թե՞ կմնան լավագույն մտադրությունների «լայն շրջանակում»:
Ինչպես ընդունված է հայկական պաշտոնական տեղեկատվության կանոնակարգում՝ հիմնականում փոխանցվում է, թե ինչ է ասել հայկական կողմը և հպանցիկ՝ հյուրը: Թե ինչ կարող էր ասել ՀՀ վարչապետն ԻԻՀ առաջին փոխնախագահին, հայտնի է՝ «Ջերմ հիշողություններ ունեմ անցած տարի Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած իմ այցից, որը լավ առիթ էր երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերը հանգամանալից քննարկելու և անելիքները նախանշելու համար: Մենք միշտ կարևորել ենք բարեկամ և հարևան Իրանի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը: Իրանը մեր կարևորագույն գործընկերներից է, որի հետ համագործակցության հարուստ օրակարգ ունենք»: Էսհաղ Ջահանգիրին նրան պատասխանել է. «Հայաստանը և Իրանն ունեն բազմադարյա բարիդրացիական հարաբերություններ, որոնք միշտ եղել են երկու երկրների ժողովուրդների բարեկամության հիմքում: Հայաստանի Հանրապետությունն իր հատուկ տեղն ունի Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության մեջ, և մենք որևէ սահմանափակում չունենք Հայաստանի հետ մեր հարաբերությունները զարգացնելու առումով: Նախորդ տարի Ձեր պաշտոնական այցի ժամանակ մենք պայմանավորվեցինք՝ յուրաքանչյուր տարի և´ Երևանում, և´ Թեհրանում հանդիպել, միասին քննարկել առկա բոլոր հարցերը և եթե կան խնդիրներ, լուծում տալ դրանց»:
Եթե կետ առ կետ գնանք զրույցի կետերով, կստացվի՝
*Կողմերը գոհունակություն են հայտնել Իրանի միջուկային ծրագրերի շուրջ բանակցությունների դրական արդյունքների և պայմանավորվածությունների կապակցությամբ՝ ընդգծելով, որ կծառայեն տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը ու կայուն զարգացմանը:
*Փաստել են, որ Հայաստանի և Իրանի միջև գոյություն ունի քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, անհրաժեշտ է շարունակել համատեղ ջանքերը երկկողմ տնտեսական համագործակցության մեծ ներուժն իրացնելու և առևտրատնտեսական հարաբերությունները սերտացնելու ուղղությամբ:
*Անդրադարձել են առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանը, *Էներգետիկայի ոլորտի ծրագրերի իրականացմանը,
*տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը,
*զբոսաշրջության և մշակույթի բնագավառներում գործակցության խորացմանը:
Ավելի մանրամասն՝
**Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցմանը, որը 2018-ին կավարտվի:
**Մեղրիի ՀԷԿ-ի կառուցմանը
**ԵԱՏՄ-Իրան հարաբերություններին, որտեղ Հայաստանը կարող է լավ հարթակ լինել ԵԱՏՄ-ԻԻՀ համագործակցության համար:
**ճանապարհային ենթակառուցվածքների ծրագրերին, մասնավորապես, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին
**Հայաստան-Իրան երկաթգծի նախագծին
**մշակույթի ոլորտում համագործակցությանը
**Իրանի հետ սահմանամերձ բնակավայրերի գազի բաշխման ցանցի կառուցման ծրագրերին
Ասուլիսում ԻԻՀ փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին ասել է, որ
***որևէ խոչընդոտ չկա զարգացնելու Իրանի ու Հայաստանի հարաբերությունները։ ***Իրանի հաջողությունները 5+1 ձևաչափում նոր պայմաններ և նոր հեռանկարներ են ստեղծում տնտեսական կապերի զարգացման համար։
***էլեկտրահաղորդակցության երրորդ գծի շինարարությունը բարդություններ ուներ, բայց շարունակվում է, և, հույս ունեն, շուտով կավարտվի։
***հանդիպմանը քննակվել են տրանսպորտային հաղորդակցության և երկաթուղային հաղորդակցության հարցեր։
***հույս է հայտնել, թե տարածաշրջանային մյուս երկրների հետ համագործակցությամբ կհաջողվի Պարսից ծոցը կապել Սև ծովի հետ։
***ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը համագործակցության նոր պատուհան է բացում
***Որոշեցին անհրաժեշտ քայլեր կատարել «մաքսային մեկ պատուհանի» կիրառման ուղղությամբ՝ սահմանային Նորդուզ կետում։
Այսօր արդեն Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին կհանդիպի ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի, Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ: Պատվիրակության կազմում են Իրանի տրանսպորտի, զբոսաշրջության ու մշակութային արժեքների նախարարները: Այսօր նաև՝ ՀՀ վարչապետ Աբրահամյանի և Իրանի փոխնախագահ Ջահանգիրիի մասնակցությամբ, Երևանում կմեկնարկի հայ-իրանական գործարար համաժողովը:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, այս տարվա առաջին ութ ամիսներին Հայաստանի և Իրանի միջև տեղի է ունեցել 178 միլիոն դոլարի առևտուր, որ Հայաստանի ողջ արտաքին առևտրի 5,9 %-ն է: Այդ ցուցանիշով Իրանը Հայաստանի չորրորդ առևտրային գործընկերն է՝ Եվրամիությունից, Ռուսաստանից և Չինաստանից հետո:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Թերևս այս այցը Հովիկ Աբրահամյանի «պատասխանն է» Արա Աբրահամյանին: Այսօր և ավելի շատ հեռանկարում, եթե, իհարկե, փոխնախագահի այցին հաջորդի նախագահների հանդիպումը, իսկ եթե Էսհաղ Ջահանգիրին եկել է Հասան Ռուհանիի փոխարեն, իր ամբողջ բազմազբաղությամբ՝ այցը վերածվում է քաղաքական-քաղաքավարականի: